ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործով փոփոխություն է եղել, վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս, որը նախկինում պաթոսով հայտարարվում էր։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քերոբյանի պաշտպան Վաչե Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով` երբ խոսում են հանրային վտանգի մասին, քրեական հետապնդումը գործուն հիմքով դադարեցնելու համար պետք է այդ հանրային վնասը հարթված լինի կամ այլ կերպ հատուցված։
«Մի քիչ մանրամասնեմ, թե ինչ հանրային վնասի մասին է խոսքը։ Առաջինն այն է, որ էկոնոմիկայի նախարարության բարի համբավին պատճառվել է վնաս, երկրորդ վնասն այն է, որ «Հարմոնիա» ընկերությունը կրել է վնաս` բաց թողնված եկամտի տեսքով, և երրորդ ամենամեծ վնասն այն է, որ պետությունը զրկվել է հանրային ներդրումների ծրագրի բանկ ստեղծելու հնարավորությունից։ Անցած շաբաթ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է, և պետությանը պատճառված հանրային վնասը հանվել է մեղադրանքի ձևակերպումից։ Այսկերպ գործը էապես աղքատացել է»,– ասաց Սիմոնյանը։